02/04/2019 13:49
Տիգրան Խաչատրյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
«Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները», - ասել է դեսպան Թրեյսին:
Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մշտապես քննարկվել են ոչ միայն օրակարգային խնդիրները, այլև՝ Նահագների աջակցությունը եղել է հուշող՝ Հայաստանի տնտեսությունը ավելի մրցունակ դարձնելու գործում կարևոր բարեփոխումների իրականացման, վաղվա օրակարգը սահմանելու գործում։
Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները և ընդգծել․ «Մենք ներկա ծրագրում արել ենք կարևոր շեշտադրում՝ տնտեսական աճի որակը, որը պետք է ազդի շատ թվով մարդկանց վրա։ Այդպիսով, տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»։
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ձեռնարկությունների ցածր արտադրողականության խնդրին և այս համատեքստում քննարկել դրանց տեխնիկական հագեցվածության և վերազինման խնդիրները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և դեսպանը առաջանցիկ տնտեսական զարգմացման ապահովման տեսանկյունից քննարկել են ժամանակակից կրթության որակի բարելավման, սեփականության իրավունքների պաշտպանության և գործող վարչարարության առավելագույն կրճատման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նոր ներդրումների ներգրավման, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։