02/04/2019 10:04
«Իրատես». «Իմ քայլում» բոլորը բոլորին ուզում են «բռնել» արտահոսքի մեջ, որ «լինչի» դատաստանի ենթարկեն
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլում» արտահոսքի հարցը վերջին շրջանում շատ լուրջ է դրված։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. գրեթե հարյուր պատգամավոր ունեցող ֆրակցիայից ինչպե՞ս կարող է արտահոսք չլինել, և հետո, «Իմ քայլում», ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր, «թևեր, ոտքեր, ձեռքեր, մագիլներ, ճանկերն» այնքան շատ են, որքան չի եղել ՀՀԿ-ում քսան տարվա ընթացքում։
Կա Ավինյանի թև, որը ջերմեռանդորեն պայքարում է Վանեցյանի դեմ։ Ի դեպ, Ավինյանի սափրվելը լուրջ ակնարկ էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Կան Սասուն Միքայելյանի, Արարարտ Միրզոյանի, Մհեր Գրիգորյանի «թևեր»։ Իր հերթին «թևավոր» խորհրդարանում, բացի սորոսականներից, կան նաև ինտելեկտուալներ, «տեղը չբերողներ» և «արտոնյալներ»։ Առկա են նաև «խղճուկները». վերջիններիս ոչ մի տեղ գործուղման չեն տանում, ու բոլորով համերաշխ ապահովում են արտահոսք` մեկը մյուսի դեմ:
Ընդ որում, բոլորը բոլորին ուզում են «բռնել» արտահոսքի մեջ, որ «լինչի» դատաստանի ենթարկեն։ «Վերջին շրջանում հնարամտորեն սկսել են 10-10 հավաքվել` կարևոր հարցեր քննարկելիս, որպեսզի հետո զտեն-հասկանան, թե արտահոսքն ո՞վ արեց», - արտահոսեց «Իմ քայլի» մեր աղբյուրը»: