02/04/2019 15:28
30 տարի անց՝ Հրազդան մարզադաշտում. Ձախ Հարութ
ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով: Հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կկայանա երգչի՝ «30 տարի անց՝ Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգը: Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ:
Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ «Yeghoyan Production»-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանինն է, ով Ձախ Հարութի հետ աշխատում է 2012 թվականից:
Հատկանշական է, որ 1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում: Երգիչը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ օգնություն աղետի գոտում տուժածներին:
Այս օրերին Հրազդան մարզադաշտը, որտեղ շուրջ 10 տարի չի անցկացվել որևէ միջոցառում, տեսքի է բերվում և նոր կյանք ստանում: Այս համերգը գուցեև ազդարարի մարզադաշտի վերածնունդը:
Համերգին կմասնակցեննաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: Այս արտիստներն ընտրվել են Հարութ Փամբուկչյանի հետ քննարկման արդյունքում:
Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950 թվականին՝ Երևանում: Ձախ Հարութ կեղծանունը վաստակել է ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: