03/04/2019 16:21
Նման բան չկա. Աննա Հակոբյանը Փարիզում չի եղել, ոչ էլ Փարիզով է մեկնել ԱՄՆ. խոսնակը հերքում է
ՀՀ վարչապետի տիկնոջ մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հերքում է ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Աղաբեկյանի այն գրառումը, որ Աննա Հակոբյանն օրերս Փարիզից Նյու Յորք մեկնել է նույն չվերթով, ինչ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան՝ վերջինիս հետ կողք կողքի նստած։
«Նման բան չկա։ Աննա Հակոբյանը Փարիզում չի եղել, ոչ էլ Փարիզով է մեկնել ԱՄՆ։ Նա Միացյալ նահանգներ՝ Վաշինգթոն, մեկնել է Մոսկվայով», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց վարչապետի տիկնոջ մամուլի քարտուղարը։
Հարցին՝ իսկ Աննա Հակոբյանի հետ խոսե՞լ է, փորձե՞լ է իմանալ վերջինիս կարծիքը, թե իր հասցեին ինչու է պարբերաբար ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն տարածվում, Հասմիկ Հարությունյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։
Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ներում և սոցանցերում ակտիվորեն տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ, որում նշված է, թե Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան նույն ինքնաթիռով են Փարիզից մեկնել ԱՄՆ, ընդ որում` նրանք իրար կողք են նստած եղել։