03/04/2019 11:37
Պարզապես պետք է վարչապետի որոշումներն ի գիտություն ընդունել. Վլադիմիր Կարապետյանը՝ 3 պաշտոնանկության մասին
Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ էին աշխատում կամ նրանց հանդեպ դժգոհություն կար, պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ ուշ գիշեր հայտնի դարձած պաշտոնանկություններին։
Այսինքն՝ նրանց աշխատանքից դժգոհություններ չե՞ն եղել, հետաքրքրվեցինք։ «Ես վարչապետի հետ չեմ խոսել այդ թեմայի շուրջ, բայց կարծում եմ, որ պարզապես պետք է այդ որոշումներն ի գիտություն ընդունել», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։
Վերջինս, ի դեպ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: