03/04/2019 14:40
Նատալիա Օրեյրոյի շնորհիվ ամուսնացած զույգը երգչուհու հետքերով Հայաստան կգա. պատմություն
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն բազում երկրպագուներ ունի, որոնց աջակցում և աջակցել է նաև անուղղակի ձևով: Օրեյրոյի՝ հայաստանյան այցին ընդառաջ ներկայացնում ենք ձեզ երգչուհու երկրպագուների հետ կապված գեղեցիկ պատմություն:
Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Սանկտ-Պետերբուրգում ապրող ամուսիններ 35-ամյա Պավելն ու 32-ամյա Ելենան արդեն 18 տարի է, ինչ հետևում են Օրեյրոյի ստեղծագործական գործունեությանը։ 2002 թ., երբ Օրեյրոն ժամանեց Ռուսաստան, պետերբուրգյան համերգի շրջանակներում Պավելը ծանոթացավ «Մեր Նատաշան» ռուսական պաշտոնական ֆան-ակումբի հիմնադիրների հետ, անդամագրվեց՝ դառնալով Օրեյրոյի երկրպագուների մեծ ընտանիքի անդամ, իսկ 2006թ.-ից սկսած հենց ինքն է գլխավորում այն՝ լինելով ակումբի նախագահ։
2015թ.-ին Օրեյրոյի հետ ֆան-հանդիպման շրջանակներում հյուրանոցներից մեկի առջև կանգնած և Օրեյրոյին սպասող Պավելը ծանոթացավ Ելենայի հետ: Մեկ տարի անց նրանք հանդիպեցին երկրորդ անգամ՝ իրենց կուռքի Ռուսաստան ժամանելու առիթով, ավելի ակտիվ սկսեցին շփվել և սիրահարվեցին։
«Շնորհիվ Նատալիա Օրեյրոյի՝ մենք գտանք միմյանց: Մեր հարսանիքի հրավիրատոմսերից մեկը ամենայուրահատուկն էր ու կարևորը մեզ համար. այն գրված էր իսպաներենով՝ Նատալիայի համար։ Եվ մեր երջանկությանը չափ ու սահման չկար, երբ հարսանիքից մի քանի շաբաթ առաջ մեզ հաջողվեց Մոսկվայում հանդիպել Նատալիային և հանձնել նրան հրավիրատոմսը։ Ցավոք, հարսանիքի օրը Օրեյրոն արդեն Արգենտինայում պետք է լիներ և չկարողացավ ներկա գտնվել։ Բայց նա մեզ հաճելի անակնկալ մատուցեց այդ օրը՝ ուղարկելով իր բանավոր շնորհավորանքը», - պատմում է Ելենան։
Երիտասարդ ամուսինները ճամփորդում են միասին՝ «Օրեյրոյի հետքերով»՝ ներկա գտնվելով երգչուհու բոլոր համերգներին: Պավելի և Ելենայի՝ այցելած երկրների ցուցակն այս տարի կհամալրվի ևս մեկ երկրով: Նատալիա Օրեյրոյի՝ ապրիլի 7-ին Երևանում կայանալիք համերգին ներկա գտնվելու նպատակով ամուսիններն իրենց ակումբի անդամ այլ երկրպագուների հետ միասին կժամանեն Հայաստան։
«Հայաստանի մասին մենք, ցավոք, շատ բան չգիտենք։ Գիտենք, որ այն հարուստ պատմությամբ և հարուտ մշակույթով մի երկիր է։ Շատ ենք լսել հայերի՝ հյուրընկալ և ջերմ ժողովուրդ լինելու մասին։ Անհամբեր սպասում ենք մեր ժամանմանը։ Շատ ենք ուզում վայելել հայկական բնությունը, տեսնել հնագույն և գեղեցիկ հայկական ճարտարապետությունը։ Ուզում ենք նաև այցելել Մատենադարան, քանի որ հետաքրքրվում ենք լեզվաբանությամբ», - նշում են ամուսինները։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա Օրեյրոյի համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում: Օրեյրոն Երևան կբերի երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: