05/04/2019 15:02
Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է. Վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ իր ազգականի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին երեկվա հայտարարության մեջ նշված գործողություններն օրինական են։
«Հարգելիներս, ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:
Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:
Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
Նկատենք, որ վարչապետին ենթակա մարմինը, ըստ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի, Ազգային անվտանգության ծառայությունն է։
Նշենք, որ երեկ երեկոյան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր ազգականը ենթադրյալ չարաշահումների համար կարող է հայտնվել քրեական գործի թիրախում ու նշել, որ իր «անմիջական ցուցումով» քրեական գործ է հարուցվել մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել էր, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար և դա ոչ թե վարչապետն է, այլ դատախազը։