05/04/2019 12:17
Քրեական գործ հարուցելու ցուցում կարող է տալ դատախազը և ոչ վարչապետը. Արման Թաթոյանը՝ վարչապետի գրառման հետքերով
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղյակ չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ երեկոյան իր ազգականի մասին արած գրառումից, բայց պնդում է՝ Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար:
«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություն կարող է տալ։ Կոնկրետ այդ իրավիճակի վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ, ծանոթ չեմ գրառմանը, բայց ընդամենը կարող եմ ասել, որ քրական դատավարության օրենսդրությունը ազատությունից զրկման հարցերը կարգավորել է և նախատեսել է՝ ով ինչ հանձնարարություն կարող է տալ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արման Թաթոյանը։
Լրագրողները Պաշտպանի համար ընթերցեցին վարչապետի գրառումը, որպեսզի նա կարողանա հստակ պատասխանել հարցին՝ վարչապետը կարո՞ղ է քրեական գործ հարուցելու ցուցում տալ, ինչից հետո Թաթոյանը պարզաբանեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։
Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, խնդիր կա՞, որ վարչապետը իրեն վերապահում է դատախազական լիազորություններ, Պաշտպանը հորդորեց այդ հարցով դիմել վարչապետին կամ նրա աշխատակազմ. «Դա ինձ չի վերաբերում»։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան վարչապետը հայտնել էր իր մի ազգականի մասին, որը կարող է հայտնվել քրեական գործի թիրախում։
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - ֆեյսբուքում գրել էր նա։