05/04/2019 15:55
Շոկի մեջ էի. ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ. Դավիթ Ղազարյան
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից և ընկերությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի բացահայտումից:
«Երեկ անակնկալի էի եկել և շոկի մեջ էի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ.Ղազարյանը:
Նրա խոսքով, անցած տարի «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, «մեր կողմից ճշգրտումներ են կատարվել 2 մլրդ դրամի չափով, որը մինչև դեկտեմբեր մասամբ մարվել է»:
«Երեկ անակնկալի եկա, հրավիրվել եմ ՊԵԿ ու միանգամից մի մեծ հատորով ներկայացրել են կալանքի միջնորդություն», - ասաց նա:
Դ.Ղազարյանն ասաց նաև, որ 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել:
«Ես, որպես ընկերության սեփականատեր, գնացել եմ կոմպրոմիսի, որպեսի քաոսից դուրս գանք, ընկերությունը գնում էր բանկրոտի: ՊԵԿ-ը կարճեց այդ քրեական հետապնդումը: «Սպայկայի» ամբողջ սերվերները կրկնօրինակել են, մոտ մեկ մեքենա փաստաթղթեր են տարել: Քննիչի հետ միշտ կապի մեջ ենք գտնվել, բաց ու թափանցիկ աշխատել ենք, եղել ենք հասանելի», - նշեց ընկերության գլխավոր տնօրենը:
«Երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ մի մեծ «սերվանտ» տեսա, 150 հատորից բաղկացած քննչական գործով: Քննիչը ասել է` կամ ստորագրում ես, կամ կալանավորվում ես: Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ:
Ես քաղաքական մարդ չեմ, կուսակցական չեմ ու չեմ էլ ուզում: Հիմա էլ 7 մլրդ դրամի մասին է հայտարարում ՊԵԿ-ը: Դրանք շինծու թվեր են, թիվն ուռացրել են, որ ժողովրդի համար սիրուն լինի: Պետք է Անանյանին հարց տալ, թե 7 միլիարդը ինչ թիվ է, դրանից 5,5 մլրդը միայն ԱԱՀ-ն է», - ասաց Դավիթ Ղազարյանը:
Նա տեղեկացրեց, որ Եվրասիական զարգացման բանկը, որ շուրջ 100 մլն դոլար վարկ պետք է տրամադրեր, երեկվա դեպքերից հետո զանգահարել և տեղեկացրել է, որ կասեցնում են գործարքը:
«Ցանկացած գումար, որը պարտավոր է «Սպայկան» վճարել, մենք պատրաստ ենք վճարելու», - նշել է նա:
Դ.Ղազարյանն ասաց, որ թիմով ժողով են անցկացրել, ասել է, որ ընկերությունը պետք է աշխատի բնականոն հունով, եթե նույնիսկ ինքը կալանավորվի: