05/04/2019 10:42
Ես չեմ որոշում, թե ում հետ աշխատել. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի շուրջ քննարկումների մասին (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի համար ՍԴ դատավորի պաշտոնում նախընտրած թեկնածուն նրանք են, ովքեր համապատասխանում են Սահմանադրության պահանջներին՝ 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող և այլն։
«Ես չեմ որոշում, թե ում հետ աշխատել, որոշում է ՀՀ նախագահը, կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և վերջնականապես նրանց ընտրում է Ազգային ժողովը: Այս առումով Սահմանադրական դատարանը նախընտրելի թեկնածու չունի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ունի նախընտրած թեկնածու։
Անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին և Սահմանադրական դատարանի մասին օրենքում վիճահարույց «նոր թեկնածու» եզրույթին՝ Թովմասյանը ասաց. «Սահմանադրական դատարանի մասին օրենքում մի լավ դրույթ կա, որ պետք է ձեռնպահ մնալ հրապարակայնորեն կարծիք հայտնել բոլոր այն ակտերի վերաբերյալ, որոնք երբևէ կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Ես հետևել եմ քննարկումներին, ունեմ իմ կարծիքը, բայց դա միայն իմ կարծիքն է, դատարանի կարծիքը չէ, և եթե ես այսօր որևէ կարծիք հայտնեմ, ապա դա կարող է դիտարկվել կանխակալ վերաբերմունք այդ ամբողջի վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ վերջերս խորհրդարանում բուռն քննարկման թեմա դարձավ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 4-րդ հոդվածը, որի համաձայն, եթե չի ընտրվում ՍԴ նոր դատավոր, ապա իրավասու մարմինը մեկամսյա ժամկետում կրկին առաջադրում է ՍԴ դատավորի նոր թեկնածու։ Մասնագիտական տարբեր շրջանակների կարծիքով, այս փոփոխությունն արվում է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի համար, որպեսզի հնարավորություն տրվի նրան հերթական անգամ առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում:
Նկատենք՝ նախորդ գումարման խորհրդարանում Վահե Գրիգորյանին չէր հաջողվել ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ ՀՀԿ-ն բոյկոտել էր քվեարկությունը: