05/04/2019 20:49
«Սպայկա»-ի տնօրենը այսօր չկալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մի քանի ժամ շարունակ քննեց ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, բայց որոշում չկայացրեց։ Փաստաբանական խմբի անդամ Սամվել Սիմոնյանը Aysor.am-ին ասաց, որ որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 8-ին։
Գործարարը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնախես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության տվյալներով, փորձագիտական եզրակացության հիման վրա միայն 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում ստվերային ճանապարհով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհայտարարագրելով «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ իրական տեղեկությունները, այսինքն` չներկայացնելով համապատասխան մաքսային հայտարարագրերը և հակառակը՝ դրանց փոխարեն «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը և այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ և ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը և պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 մլրդ 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:
2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թվականների մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են:
Դավիթ Ղազարյանն ինքը ասուլիսում այսօր հայտարարել էր, որ միայն 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել: «Ես, որպես ընկերության սեփականատեր, գնացել եմ կոմպրոմիսի, որպեսի քաոսից դուրս գանք, ընկերությունը գնում էր բանկրոտի: ՊԵԿ-ը կարճեց այդ քրեական հետապնդումը: «Սպայկայի» ամբողջ սերվերները կրկնօրինակել են, մոտ մեկ մեքենա փաստաթղթեր են տարել: Քննիչի հետ միշտ կապի մեջ ենք գտնվել, բաց ու թափանցիկ աշխատել ենք, եղել ենք հասանելի», - նշել էր ընկերության գլխավոր տնօրենը՝ ընդգծելով, որ անակնկալի է եկել իր դեմ քրեական գործ հարուցելու փաստից: