05/04/2019 10:34
ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է բանակցային գործընթացին որոշակի տեմպ հաղորդել. Քաղտեխնոլոգ
ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է բանակցային գործընթացին որոշակի տեմպ հաղորդել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների մայրաքաղաքներից մեկում։
«Համանախագահներն իրենց շահերն ունեն, նրանց հետևում կանգնած աշխարհաքաղաքական ուժերը՝ իրենց շահերը։ Նրանք փորձում են օգտագործել այս տենդենցը և տեմպը։ Իհարկե, որոշակի տեմպ կա, բայց չեմ կարծում, որ կողմերը «դուրս են եկել» ինչ-որ որոշման վրա։ Կարծում եմ՝ կա ընդամենը բանակցային գործընթացի վերսկսում, և հենց դա է ամրագրվում։
Հակամարտող կողմերի դիրքորոշումները ծայրահեղ իրարամերժ են, և բանակցություններից հետո էլ շարունակում են բավական իրարամերժ հայտարարություններ հնչել։ Ավելին՝ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններ են հնչում, որոնց պատասխանում է նաև հայկական կողմը», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ եթե բանակցային գործընթացը դադարում է, ապա ուշ թե շուտ կողմերը սկսում են կրակել, ինչից հետո շատ ավելի դժվար է լինում բանակցություններ սկսել։
«Համոզված եմ, որ որևէ առաջխաղացում՝ պրակտիկ առումով, Վիեննայում չի եղել։ Առաջխաղացում ասելով՝ ես նկատի ունեմ, որ կողմերի իրարամերժ դիրքորոշումները մոտեցած լինեն։ Նրանք տարբեր օրակարգերով են գնում հանդիպումների և որևէ ընդհանուր հայտարարի չեն կարող գալ։ Կոպիտ ասած՝ կողմերը ամենաշատը պայմանավորվում են սահմանին իրար վրա հնարավորինս չկրակել։ Կարծում եմ՝ պայմանավորվում են ռազմագերիների շուրջ», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամկետները համաձայնեցված են։
«Մենք այժմ բարի կամքի դրսևորմամբ, պետք է առաջընթաց գրանցենք. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն իրենց ԱԳՆ ղեկավարներին համապատասխան ցուցում են տվել և շատ շուտով մենք կունենանք երկկողմ հանդիպում», - ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։