05/04/2019 10:03
«Հրապարակ». Արմեն Սարգսյանը որոշել է ոսկեզօծ ինտերիերից ազատվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։ Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին, այնպես, ինչպես բյուջեի հաշվին ձեռք բերեց նոր ու շքեղ Mercedes-Maybach-ը։
Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, և տեղափոխվել այլ աշխատասենյակ։ Բացի այդ, բրիտանական նուրբ ու արիստոկրատ ճաշակ ունեցող նախագահին դուր չի գալիս նախագահականի ոսկեզօծ, թանկ ու ձևավոր նախշերով նորոգումը, ուստի մտադիր է նորոգել այն՝ ավելի ավանգարդ ոճ հաղորդելով դահլիճին ու առհասարակ շենքին։
Մեր տեղեկությունները նորոգումների մասով նախագահականից չհերքեցին․ «Հանրապետության նախագահն օգտագործում է նախագահական նստավայրի վարչական շենքի Հայաստանի Հանրապետության նախագահի համար նախատեսված աշխատասենյակները: Տարվա ընթացքում ծրագրվում է ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների շրջանակում և հնարավոր տնտեսումների հաշվին մասնակի վերանորոգում իրականացնել հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ հատկապես միջանցքներում և դահլիճներում, որտեղ անցկացվելու են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ»»: