05/04/2019 18:42
Տեղի ունեցավ նկարչուհի Իրինա Սաղյանի անհատական ցուցահանդեսը
Ապրիլի 4-ին Նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ նկարչուհի, Նկարիչների միության անդամ Իրինա Սաղյանի անհատական ցուցահանդեսը։ 46 բնապատկերից բաղկացած ցուցադրությունը ներկաներին անմիջապես ծաղիկների աշխարհ տեղափոխեց:
«Նկատելի է, որ նկարչուհին ոգեշնչվել է Լեմս Ներսիսյանից, իր նկարներում ես տեսա նրա ազդեցությունը», - բացման խոսքում նկատեց արվետաբան Վարդիթեր Գամաղելյանը։
Ցուցահանդեսին ներկայացվել են միայն վերջին 2-3 տարիների աշխատանքները: Ինչպես գեղանկարչուհին է ասում՝ չի սիրում նախորդ ցուցահանդեսի նկարները մյուս ցուցահանդես տեղափոխել:
«Այսօր ցուցասրահում 46 նկար է փակցված, որոնց հանրությունը ծանոթ չէ: Ես հաճախ եմ անհատական ցուցահանդեսներ անում, սա արդեն 4-րդն է: Հուսամ՝ ներկաները կհավանեն նոր աշխատանքներս», - Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց Իրինա Սաղյանը:
Ի դեպ, սա նաև ցուցահանդես-վաճառք է, ցանկացողները կարող են ընտրել այն աշխատանքները, որոնց սեփականատերը կցանկանան դառնալ:
«Ճիշտ է՝ այդ մասին չեմ մտածել, բայց եթե գնորդներ լինեն, դեմ չեմ, կարող եմ վաճառել», - ժպիտով նշեց նա:
Ցուցահանդեսին ներկա էին Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը, նկարիչներ, արվեստաբաններ ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Նկարիչների միությունում ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 9-ը: