06/04/2019 10:56
էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցության հարցով քառակողմ հանդիպումը Թեհրանում տեղի կունենա հունիսին
Ս.թ. ապրիլի 15-17-ը Թեհրանում նախատեսվում է Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ հանդիպում՝ փորձագետների մակարդակով՝ նվիրված «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» տեխնիկական լուծումներին վերաբերող հարցերի քննարկմանը: Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թեհրանում նախատեսվում է «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» համակարգող խորհրդի նիստը՝ 4 երկրների նախարարների տեղակալների մասնակցությամբ:
Այդ հանդիպում-քննարկումների արդյունքները և ձևավորված առաջարկները կներկայացվեն ս.թ. հունիսի 16-18-ը Թեհրանում կայանալիք բարձր մակարդակով՝ նախարարակական հանդիպմանը, որից հետո կհստակեցվեն նախագծի իրագործման հետագա քայլերն ու աշխատանքները:
Հարցին՝ հայկական կողմը հանդիպմանն ընդառաջ հստակ օրակարգ մշակե՞լ է, Ռիմա Եգանյանը պատասխանեց.
«Այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմը կներկայացնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային ինտեգրմանը և առևտրին ուղղված մշակված աշխատանքները, տեխնիկական լուծումներն ու ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիակական մի շարք այլ հարցեր, որոնք համահունչ են Հայաստանի՝ էնեգետիկայի բնագավառում վարած քաղաքականությանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ:
«Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպելու Թեհրանում», - նշել էր նա: