07/04/2019 13:49
Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության պարտադրման օրակարգով. Փաշինյան
Պատերազմի սպառնալիքին Հայաստանը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով, «Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չի կարելի սպառնալ դիմացի ժողովրդին: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ ընդհանրապես պետք չէ սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելը չի կարող արցախյան հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը: Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը», - նշեց Փաշինյանը: