08/04/2019 18:38
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրեցին «Արվեստանոց» ցուցադրությունը
Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնն ապրիլի 6-ին Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև ապրիլի 13-ը:
Դիլիջանի արվեստի փառատոնը հիմնադրվել է 2018 թ. Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Դիլիջան) ուսանողների կողմից: Փառատոնի նպատակն է արվեստի բնագավառի տարբեր միջոցառումների շուրջ համախմբել արվեստասեր երիտասարդներին և այդպիսով ստեղծել մշակութային ցանց:
ԳԱԿ-ը փառատոնի շրջանակներում ներկայացել է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ, որը տեղի էր ունեցել դեռևս 2018թ. փետրվար – հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Դիլիջանի արվեստի փառատոնում, որը կարևոր իրադարձություն է արվեստի բնագավառում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում UWC Դիլիջանի միջազգային դպրոցին՝ մեզ այս հրաշալի միջոցառմանը մասնակից դարձնելու համար», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Ստեղծագործ, ակտիվ և նախաձեռնող երիտասարդները մեր երկրի ապագան են, և մենք միշտ ուրախ ենք աջակից լինել նրանց։ Հիանալի է, որ տաղանդավոր երիտասարդների համար նման հարթակներ են ստեղծվում, նրանց հնարավորություն տալով առաջ գնալ և զարգանալ ընտրած բնագավառում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: