08/04/2019 13:39
Փաշինյանից դժգոհ չեմ, թիմից եմ դժգոհ. Ծառուկյան
Այսօր հիմնական հեղափոխությունը խոստումների հեղափոխություն է, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվել հեղափոությունից մեկ տարի անց:
«Խոստումներ են հեղափոխությունը: Այսօր պետք է իրականացվի այն, ինչ ժողովուրդը լսում էր հեղափոխության ժամանակ: Ժողովուրդը սպասում է ավելի լավ ապրելուն, կյանքը բարեկեցիկ դարձնելուն, իսկ դրա համար հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր տնտեսական հեղափոխություն, որ ժողովրդի ժպիտն ու փայլը պահպանվի», - ասաց Գ. Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ինքը ներկայացրել է տնտեսական հեղափոխության իր տեսլականն ու առանց դրա հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել:
Հարցին, թե իր մաշկի վրա ի՞նչ փոփոխություններ է զգում հեղափոխությունից հետո, Ծառուկյանն ասաց. «Ես ոնց ապրել եմ, նենց ապրում եմ, ինչ էլ փոխվի-չփոխվի, ես կամ, եղել եմ, կմնամ, որովհետև իմ պահվածքը, աշխատանքն ու նվիրվածությունը ոչ մի բան չի փոխում»:
Նա նշեց, որ Փաշինյանից դժգոհ չի, այլ նրա թիմի գրեթե 97 տոկոսից է դժգոհ.
«Փաշինյանից դժգոհ չեմ, թիմից եմ դժգոհ: Ամեն ոլորտում փորձառու մարդ պիտի լինի»: