08/04/2019 16:55
Դու և քո շրջապատը աղանդավոր եք. քաղաքացին՝ ԱԺ փոխնախագահին (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի դիմաց քաղաքացիներ մի խումբ բողոքում էր օրերս ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթից: Նրանք պահանջում էին սահմանափակել տրանսգենդերների իրավունքները:
Նախ քաղաքացիներին հանդիպեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա բացատրեց, որ դա չի եղել ԱԺ նիստի շրջանակներում, այլ եղել են լսումներ: Քաղաքացիները չցանկացան լսել Սիմոնյանին:
ԱԺ այգում ցուցարարներին հանդիպեցին նաև «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներ, ովքեր կոչ էին անում ցուցաբերել զսպվածություն և չհայհոյել ու վիրավորական արտահայտություններ չանել այլ մարդկանց հասեցին:
Արդյունքում վիճաբանություն սկսվեց: Ցուցարարներից մեկը մեղադրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որ նա չի ուզում դահլիճում ընդունել քահանային և խնկարկել ԱԺ-ն:
«Դու և քո շրջապատը աղանդավոր եք», - ասաց քաղաքացին՝ պնդելով, որ եթե ԱԺ փոխնախագահն իրեն համարում է քրիստոնյա պետք է տեր Ղազարին հրավիրի ԱԺ այնտեղ խնկարկություն անցկացնելու:
Ազգային ժողովի այգում գտնվող ցուցարարներից մեկն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ազգային նորմերի պահպանման համար պատրաստ է ինքը ուտիլիզացնել նման մարդկանց: Այդ հայտարարության ժամանակ քաղաքացին պայուսակից հանեց դանակը և հայտարարեց.
«Կարող եմ նույնիսկ ձեզ ցույց տալ ինչ միջոցներով կարող եմ ուտիլիզացնել, որը միշտ պահում եմ ինձ մոտ»:
Մեր դիտարկմանը, թե դա քրեորեն պատժելի արարք է, քաղաքացին նշեց. «Քրեորեն պատժելի չէ, սերնդի մաքրման համար գործիք է»:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը նշեց, որ իրենք ի սկզբանե հրավիրել էին հավաք, մինչդեռ ընթացքում այլ ուժեր են միացել հավաքին, որոնց քայլերի համար իրենք պատասխանատվություն չեն կրում.
«Կողքի ուժերի քայլերի համար մենք պատասխանատու չենք», - ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում