08/04/2019 11:51
Մեզ համար մութ է. Ծառուկյանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին (Տեսանյութ)
Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներին ծանոթանալու համար ԲՀԿ-ն ակնկալում է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնել խորհրդարանում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Դա մեզ համար մութ է, տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն՝ առանձին, բայց դրա համար մենք հրավերք ենք կազմակերպել վարչապետին, որ խորհրդարանում փակ հանդիպում ունենանք, ու հրավիրելու ենք Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեզ համար ընդունելի լինի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանը:
Անդրադառնալով ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ, Ծառուկյանը նշեց. «Ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք, 25 տարի Արցախը առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել»: