08/04/2019 13:13
Դա արատ է. թույլ չենք տալու, որ տարածվի կամ օրինական ուժ ստանա. Ծառուկյանը՝ տրանսգենդեր կնոջ ելույթի մասին (տեսանյութ)
Որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ասեմ, որ դա մեր համար անընդունելի է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթին:
«Դա արատ է: Մինչև այսօր այդ արատը եղել է փակ, չի արտահայտվել և մենք թույլ չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - ասաց Գ.Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե նրանք ևս պարտավոր են պաշտպանել իրենց իրավունքները՝ Ծառուկյանն ասաց, որ յուրաքաչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց որպես կուսակցության առաջնորդ ինքը կարող է բացառել, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի:
«Ամեն մարդ էլ կարող է, եթե խնդիր ունեն, թող դիմեն իրավապահների, բայց նոր օրենք ընդունելը իմ կուսակցության կողմից բացառվում է», - ասաց նա:
Ծառուկյանը նաև ընդգծեց, որ Նաիրա Զոհրաբյանը՝ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ճիշտ վարքագիծ է դրսևորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել: «Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ուրբաթ Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից խոսեց տրանգենդեր կին՝ բարձրաձայնելով իրենց իրավունքների ոտնահարումը: Սա զայրացրեց նիստը վարող Նաիրա Զոհրաբյանին: Նա ելույթը անհարգալից վերաբերմունք որակեց իր նկատմամբ, քանի որ հարցն օրակարգից դուրս էր: