08/04/2019 12:48
Նաիրա Զոհրաբյանը ստում է. «Իմ քայլի» պատգամավոր
Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը այսօր ՀՀ քաղաքացու օր սահմանելու մասին օրինագծի քննարկումը առիթ դարձրեց և ԱԺ ամբիոնից խոսեց օրակարգից դուրս հարցից՝ արձագանքելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ու նրան մեղադրելով սուտ խոսելու մեջ։
Դրա բացատրությունը պատգամավորն ուներ. «Ճշմարտությունը վեր է օրակարգից»։
Հիշեցնենք՝ Մաիրա Կարապետյան-Նաիրա Զոհրաբյան հակամարտությունն առաջացել էր ապրիլի 5-ին ԱԺ-ում մարդու իրավունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո։ Տարածված տեղեկությունների համաձայն, տրանսգենդերին ԱԺ է հրավիրել հենց Մարիա Կարապետյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը ԱԺ լսումների օրակարգից շեղում էր ու անհարգալից վերաբերմունք խորհդրարանի նկատմամբ։
«Տեղեկացա, որ խորհրդարանի միջանցքում տիկին Զոհրաբյանն է իմ անունը տվել՝ որպես խորհրդարանական լսումների համար, իր խոսքերով, «գաղտագողի ելույթներ ծրագրող»։ Անհերքելի է, որ խորհրդարանական լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար։ Բայց սրանով տիկին Զոհրաբյանի տարածած ստերի շրջանակը չի սպառվում։ Տիկին Զոհրաբյանը ստում է, երբ ասում է, թե հանձնաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար։ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ չկան։ Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, բայց լսումներից օրեր առաջ օրակարգը ԱԺ կայիքց հեռացվեց։ Լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ` առանց հանձնաժողովի անդամների հաստատման։ Կայքը չթարմացվեց նոր, թեմատիկ օրակարգով», - իր ելույթում ներկայացրեց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ լսումներին մասնակցելու հայտ ներկայացրած կազմակերպություններին նոր օրակարգը ուղարկելու հորդորով դիմել է հանձնաժողովի քարտուղարություն, սակայն իր հորդորը չի կատարվել։
«Տիկին Զոհրաբյանը ստում է՝ ասելով, թե հասարակական կազմակերպություններին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պետք է ունենան։ Սա սուտ է, քանի որ ինչպես արդեն ասացի, գրանցման պահին թեմաներ պարզապես չկային։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջին անգամ օրակարգը տեսել են այստեղ, ԱԺ դահլիճում։ Խորհրդարանական լսումներում ես միայն մեկ ելույթ էի ծրագրել, այն էլ՝ իմը։ Տիկին Զոհրաբյանին խնդրել էի լսումների փակմանը եզրափակիչ ելույթ տրամադրել ինձ, բայց քանի որ նա չգիտի առերեսվել ճգնաժամային իրադրությունների հետ և կորցնում է ինքնատիրապետումը, նա այդ ելույթը չտրամադրեց», - ելույթը եզրափակեց Կարապետյանը։