09/04/2019 15:40
ԵՄ-ն հորդորում է դատապարտել Հայաստանում ԼԳԲՏԻ համայնքին ուղղված ատելության խոսքը և պատժել սպառնալիքներ հնչեցրած անձանց
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում՝ մահվան սպառնալիքներ են հնչել:
Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին, հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ:
ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր կինը ելույթ էր ունեցել, ինչը հունից հանել էր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։
Այդ դեպքից հետո խորհրդարանում բուռն քննարկումներ ու վեճեր եղան, իսկ այսօր թեմային անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ», - լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։