09/04/2019 15:00
ԱՄՆ-ի քայլը պետք է պատասխան ստանար Իրանից, և պատասխան ստացվել է. Սուրեն Սարգսյան
Միացյալ նահանգների և Իրանի միջև հարաբերությունները ծայրաստիճան լարված են, և այս վիճակում կողմերից հնարավոր է ամեն ինչ սպասել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով իրանական կողմի մտադրությանը՝ ԱՄՆ զինված ուժերը ճանաչելու որպես ահաբեկչական կազմակերպություն։
«Պետք է հաշվի առնենք, որ ընդամենը երկու օր առաջ Միացյալ նահանգների խոշոր և ամենազդեցիկ ԶԼՄ-ներից մեկը՝ «The Wall Street Journal»-ը, հրապարակել էր մի հոդված, ուր ասվում էր, որ ԱՄՆ-ն նախատեսում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում։ Սա, իհարկե, պետք է պատասխան ստանար Իրանից, և ըստ էության, ստացվել է», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ երկու պետությունները միմյանց դեմ նմանօրինակ քայլեր են ձեռնարկում։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը կոշտ և ագրեսիվ դիրքորոշում ունեն Իրանի նկատմամբ, սակայն ինքը դժվարությամբ է պատկերացնում զանգվածային գործողությունների հնարավորությունը։
«Նախ, պետք է հաշվի առնենք, որ ընդամենը մեկուկես տարուց Միացյալ նահանգներում նախագահական ընտրություններ են։ Ըստ էության՝ ԱՄՆ-ում ընտրությունների արշավն ավելի վաղ է սկսում, քան աշխարհի այլ պետություններում՝ հաշվի առնելով Միացյալ նահանգների՝ մեծ պետություն լինելու հանգամանքը։ Գալիք ընտրություններով կարող է շատ բան պայմանավորված լինել», - ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Իրանում պատրաստ է օրենքի նախագիծը, համաձայն որի՝ ԱՄՆ-ի զինված ուժերը կներառվեն ահաբեկիչների ցանկում: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլա Ֆալահաթփիշեխը:
«Եթե ամերիկացիները թույլ տան այդ սխալը և ավելացնեն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների ցանկում, այդ օրինագիծը կրկնակի սեղմ ժամկետներում կհաստատվի Իրանի խորհրդարանի կողմից», - նշել է նա:
Իսկ ահա «The Wall Street Journal»-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը մտադիր են ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Պարբերականի հաղորդմամբ, այդ մասին կարող է հայտարարվել երկուշաբթի՝ ապրիլի 8-ին: