09/04/2019 11:34
ՀՀԿ-ականների շարքում ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձով Ազգային ժողովում տրասնգենդերի ելույթի շուրջ ստեղծված աղմուկին։
«Ժողովուրդ, ես ուզում եմ մի բան ասել՝ ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ էդ թեման քննարկում են ու իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ է կատարվում և այլն», - լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ 2015 թվականին «ՀՀ պահպանողական, ընտանեկան արժեքների ու ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է ու տվել է նրան ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր»։
«Ընդ որում, Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական։ Հիմա ՀՀԿ-ականների շարքում էդ ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է, էդ ի՞նչ հարցեր են դնում։ Ես որ իրենց ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, էդ ում են եկել ինչի մեջ մեղադրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հարց ուղղեց՝ նշելով, որ բոլորը պետք է այդ հարցին պատասխանեն։
«Հիմա Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ», - ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը Նաիրա Զոհրաբյանն է, կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։
«ԲՀԿ-ն պետք է մտածի՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է ու ինքը, ընդհանրապես, համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար նվազագույն չափանիշներին», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այս ամենը քաղաքական պրովոկացիա է։