09/04/2019 13:14
ԱՄՆ-ն զգուշացնում է եվրոպական ապրանքների վրա մաքսեր սահմանելու մասին
ԱՄՆ առևտրական ներկայացուցչի գրասենյակը հրապարակել է եվրոպական արտադրության ապրանքների նախնական ցուցակը, որոնց արտահանումը Միացյալ Նահանգներ կհարկվի բարձրացված մաքսերով, եթե Եվրամիությունը շարունակի դրամատրել Airbus ընկերությանը:
«Մեր վերջնական նպատակը Եվրամիության հետ համաձայնության հասնելն է խոշոր քաղաքացիական ինքնաթիռների կառուցման՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ չհամաձայնեցված բոլոր լրահատկացումների դադարեցման շուրջը: Երբ ԵՄ-ն դադարեցնի այդ լրահատկացումները, ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսերը, որոնք սահմանվել են որպես պատասխան միջոցներ, կարող են չեղյալ հայտարարվել»,- ասված է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի՝ տարածված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ լրացուցիչ մաքսերի սահմանումը միտված է այն բանին, որ փոխհատուցվի այն 11 միլիարդ դոլարի տարեկան վնասը, որն ԱՄՆ-ը կրում է Եվրամիության կողմից Airbus-ի դրամատրումից: Մաքսերը կսահմանվեն Ֆրանսիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ապրանքների համար: Դրանց թվում են՝ խոշոր օդանավերը և դրանց համալրող մասերը, մի ամբողջ շարք սննդամթերքներ և գինին: