09/04/2019 14:28
Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան և այլ երգիչներ հանդես կգան Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի:
«Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երգացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Բեմում տիրելու է ազնավուրյան ինքնատիպ մթնոլորտ:
Երեկոյի ընթացքում նախատեսվում են նաև այլ անակնկալներ:
Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը: