10/04/2019 10:32
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը համակարգող անձը
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը համակարգող անձը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Անձին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», - նշեց Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։
Հիշեցնենք՝ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց բացահայտել և կոշտ հակահարված տալ ֆեյքերին՝ կասկածի տակ չդնելով խոսքի ազատության իրավունքը:
«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այս հարցում կկարողանանք կոնկրետ արդյունքներ ապահովել», - ասել էր Փաշինյանը։
Նիստից մեկ օր անց Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է, հարցաքննվել, հարուցվել է քրեական գործ։