10/04/2019 11:23
2.7 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերի թիվը կարող է ավելանալ կամ նվազել՝ կախված ներդրողների հաշվարկներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ կառավարության հետ 89 ներդրումային ծրագիր է քննարկվում՝ շուրջ 2.7 մլրդ դոլար ծավալով։
Հիշատակված ներդրումային ծրագրերը ներկայացված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների կողմից, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
«Օտարերկրյա ներդրողների, այդ թվում՝ սփյուռքահայերի կողմից ներկայացվել է շուրջ 50 ծրագիր։ Օտարերկրյա ներդրողները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից (շուրջ 10), ԱՄՆ-ից (շուրջ 10), Իրանից (շուրջ 10), Չինաստանից, Գերմանիայից և այլ երկրներից են։
Ներդրումային ծրագրերը հիմնականում էներգետիկայի, մշակող արդյունաբերության, ենթակառուցվածքների, կառուցապատման, զբոսաշրջության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում են։
Ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետները տարբեր են, քանի որ առկա են իրատեսական կամ կարճաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման ծրագրեր՝ շուրջ 40 ծրագիր՝ շուրջ 700 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչպես նաև նախնական փուլերում գտնվող ծրագրեր։ Օրինակ՝ Աշտարակ քաղաքի մոտակայքում գերժամանակակից տեխնոլոգիաներով արևային ֆոտովոլտային մարտկոցների և բջիջների արտադրության գործարանի հիմնում, Գեղարքունիքի մարզում 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրայանի կառուցում, Երևան քաղաքում դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատորիայի հիմնում, ՀՀ Լոռու մարզում ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցում և այլն։
Հարկ է նշել նաև, որ ներդրումային ծրագրերի թիվը պարբերաբար կարող է ավելանալ կամ նվազել՝ կախված նոր ծրագրերի ի հայտ գալուց կամ ներդրողների հաշվարկներից, ինչպես նաև վերջիններս կարող են ընդգրկվել կարճաժամկետում իրականացվող ծրագրերի շարքում՝ կախված դրանց իրականացմանն առնչվող քննարկումների և որոշումների կայացման արագությունից», - նշված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պատասխանում։