10/04/2019 14:43
Պետք է հարգել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է։
«Որպես վկա հարցաքննվել եմ մարտի 1-ի գործով, հարցաքննվել եմ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, որը հանդես է եկել Սահմաանդրական դատարանում վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց նախարարը։
Այժմ, նրա խոսքով, ինքը չի կարող լինել այս գործով որևէ մեկի ներկայացուցիչ, քանի որ զբաղեցնում է պաշտոն կառավարությունում՝ նախարար է։
«Հայաստանյան դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել եմ մարտի 1-ի դեպքերին վերաբերող դրվագներով ինը սպանվածների շահերը և նաև մի շարք ձերբակալվածների, ազատազրկվածների, խոշտանգվածների շահերը՝ Արամ Բարեղամյան, Աշոտ Մանուկյան և այլն։ Այդ գործերով սպասում ենք արդյունքների։ Որպես արդարադատության նախարար, չեմ կարող լինել նրանց շահերի ներկայացուցիչ, դա կլինի շահերի բախում», - նշեց Զեյնալյանը՝ ընդգծելով, որ իր՝ նախարար նշանակվելու փաստի մասին ինքը գրությամբ տեղեկացրել է Եվրոպական դատարանին։
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք փորձել է ևս մեկ անգամ հանդիպել Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ առաջին հանդիպումը Քոչարյանի ցանկությամբ չէր կայացել։
Ի պատասխան արդարադատության նախարարը դժգոհեց. «Ես արդարադատության նախարար եմ ու իմ ենթակայության տակ են գտնվում կալանավայրերն ու քրեակատարողական հիմնարկները, և ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության համար ու նաև պահման պայմանների համար։ Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց, տեսնել այնտեղ պահման պայմանները։ Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է, և այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմաններում ենք գտնվում նրա հետ։ Պետք է հարգել այդ անձի իրավունքները ու այս վեճը մշտապես չբորբոքել։ Մենք կարող ենք ներկայացնել վկաներ մեր տեսակետը հաստատելու համար, հետևաբար մենք սրա վերաբերյալ փաստ ու տեսակետ չենք հայտնում՝ հարգելով մարդու իրավունքները։ Այս հարցը փակում ենք ընդհանրապես»։