10/04/2019 10:12
Կառավարությունը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության իր պարտավորություններին. ԱԳՆ պատասխանը ԵՄ-ին և ՄԱԿ-ին
ԱԳՆ-ն տեղյակ է ԵՄ և ՄԱԿ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին, ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում, որը վերաբերում է Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարություններին՝ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի և նրա գործընկերների վերաբերյալ:
«ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ:
Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։
Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։
Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները», - ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։
Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը ևս հայտարարություն էր տարածել, նշելով, որ մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով: