10/04/2019 12:53
Կողմերից յուրաքանչյուրն իր մկաններն է ցույց տալիս. քաղտեխնոլոգը՝ «Իմ քայլի» և ԲՀԿ-ի հակասությունների մասին
Քիչ հավանական է, որ «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» միջև հակասությունը շատ խորանա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ երկու խմբակցությունների՝ միմյանց փոխադարձաբար պրովոկացիայի մեջ մեղադրանքներ հնչեցնելու փորձերին։
«Կարծում եմ՝ դեռ մի փոքր էլ «փոխհրաձգություն» տեղի կունենա, իսկ հետո կողմերը կգան ընդհանուր հայտարարի: Չեմ կարծում, որ հակասությունները շատ խորանան։ ԲՀԿ-ում, այնուամենայնիվ, քաղաքական գիծն անձամբ Գագիկ Ծառուկյանն է որոշում, իսկ մեկ-երկու օր առաջ տված հարցազրույցում նա ասել էր, որ դժգոհություն ունի «Իմ քայլի» թիմից, բայց ոչ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Սա, ըստ էության, ի սկզբանե իրենց հայտարարած քաղաքական գծի և վարքագծի օրգանական շարունակությունն է։ Ընտրութուններից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք լինելու են ընդդիմություն և շարունակելու են աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Սա, այլ լեզվով ասած, նշանակում է կառուցողական ընդդիմություն», - ասաց Վ.Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ ԲՀԿ-ի և իշխանության միջև որոշակի տարաձայնություններ ապագայում ևս կարող են լինել։
«Կարծում եմ, որ ԲՀԿ-ի կամ անձամբ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից հնչեցված մեղադրանքները մատնացույց արեցին «Իմ քայլը» դաշինքի կոնկրետ անձնավորության։ Տրանսգենդերի թեմայով հայտարարությունները, կարծում եմ, բավականին ցավագին և էմոցիոնալ ընդունվեցին «Իմ քայլի» կողմից, և այս առումով կրքերը դեռ չեն հանդարտվել։ Բայց իմ տպավորությամբ, կողմերն ինչ-որ գծի կհասնեն և հետո դադար կառնեն», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից երեկ «Առինջ մոլում» կատարված ստուգումներին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ այս միջադեպն էլ տեղավորվում է մոտավորապես նույն տիրույթում, նախորդ դեպքի հետ կապվածություն դժվար է չտեսնել։
«Կարծում եմ, որ գոնե այս ժամանակահատվածում կողմերն այս ստրատեգիական գիծը պահելու են։ Դա անհրաժեշտ է նաև «Իմ քայլին»։ Իշխանությունը դժվար թե այնքան սրի իրավիճակը, որ ևս մեկ պինդ, ռեսուրսային ընդդիմություն ունենա։ Կարծում եմ՝ սա ընդամենն էպիզոդ է, որտեղ կողմերից յուրաքանչյուրն իր մկաններն է ցույց տալիս», - ասաց Վիգեն Հակոբյանը։