10/04/2019 15:11
Մեկնարկում է հայկական դասական երաժշտության «Երաժշտական խճանկար» համերգաշարը
Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ապրիլի 13-ին կմեկնարկի OST նախագծի «Երաժշտական խճանկար» համերգաշարը, որը նվիրված է հայ մեծանուն գործիչների՝ Կոմիտասի, Թումանյանի, Տիգրանյանի, Օթյանի և Լևոն Շանթի հոբելյաններին:
Համերգաշարը կոչված է հանրայնացնել հայ դասականների երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը նրա նկատմամբ: Ըստ այդմ՝ համերգաշարի ծրագիրը հագեցած է լինելու միայն հայ անվանի կոմպոզիտորների և երգահանների ստեղծագործություներով, որոնք կատարելու են OST նախագծի շրջանակներում միավորված երիտասարդ երաժիշտները:
Ապրիլի 13-ին «Երաժշտական խճանկար»-ի առաջին համերգին կհնչեն Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ռ.Մելիքյանի, Ռ.Անդրեասյանի, Ալ. Աճեմյանի, Պ. Աֆրիկյանի և Հ. Գրիգորյանի ուշագրավ ստեղծագործությունները:
Համերգը, որը կմեկնարկի ժ.14:00- ին, իրականացնում է «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Մշակույթի նախարարության ու Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:
«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության բոլոր նախագծերն ու միջոցառումներն իրականացվում են բացարձակապես բարեգործական նպատակներով:
Միջոցառման մուտքն ազատ է: