11/04/2019 12:49
Անկախ լրատվամիջոցների ու դատական համակարգի առկայությունը շատ կարևոր է. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին
Եվրոպայի խորհուրդը կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի Հայաստանի նոր կառավարության բարեփոխումների օրակարգին, այսօր Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
«Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար։ Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերվում դրանց, ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում այդ գործողությունները, հատկապես՝ հակակոռուպցիոն պայքարում», - ասաց Յագլանդը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ԵԽ-ն նոր առաջարկներ ունի Հայաստանին։
«Անկախ լրատվամիջոցները, դատական անկախ համակարգը շատ կարևոր են ու կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը։ Կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրան», - ասաց Յագլանդը։
Ասուլիսի ավարտին Նիկոլ Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնեց Երևանի հրապարակներից մեկը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու վերաբերյալ հավաստագիրը։ Ի պատասխան Թորբյորն Յագլանդը նշեց.
«Հայաստանը եվրոպական երկիր է ու միշտ եղել է եվրոպական երկիր»։