11/04/2019 10:20
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ի հետաձգումը մինչև հոկտեմբերի 31-ը
Մեծ Բրիտանիան կարող է լիովին հրաժարվել Եվրամիությունից դուրս գալուց՝ դրա հետաձգման վերաբերյալ ԵՄ-ի գագաթնաժողովի որոշման շրջանակում: ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Գագաթնաժողովը որոշում է ընդունել Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը և իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել Եվրամիության՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում:
«ԵՄ-ի գագաթնաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար ժամանակ է , որի ընթացքում նա կարող է վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (և Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով): Բայց նա կարող է նաև լիովին վերանայել դուրս գալու որոշումը և հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել է նա:
«Մեծ Բրիտանիան կարող է այդ ժամանակաշրջանում վերանայել Brexit-ին վերաբերող ամբողջ ռազմավարությունը: Դա կարող է փոփոխությունների բերել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագրում, բայց ոչ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրում»,- հավելել է Տուսկը: