11/04/2019 14:49
Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան
Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբեմն այս կապակցությամբ հանրությունը կարող է ականատես լինել տարօրինակ բանավեճերի», - ասաց նա։
Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց՝ հեղափոխության մեջ որևէ արտաքին քաղաքական ու ներգրավվածութուն չի եղել։
«Բացառավում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ամեն օրվա հետ բոլորը համոզվում են, որ ամեն ինչ հենց այնպես է եղել, ինչպես ինքն ասել է։
«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ, որևէ կազմակերպության դեմ չէ, Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ ու երջանիկ ապագայի», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա ասաց, որ Հայաստանը մտադիր է հարաբերությունները զարգացնել միջազգային բոլոր գործընկերների հետ։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու մեզնից կախված ամեն ինչ անելու ենք այդ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու համար, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար», - ասաց Ն. Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է ու ամեն ինչ անելու են ՀՀ-ի անդամակցությունը այդ կազմակերպությանն առավել արդյունավետ դարձնելու համար։
«ԵՄ-ի հետ այսօր ունենք հրաշալի հարաբերություններ ու դա ունի շատ կոնկրետ պատճառ. խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագրի բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության ունեցած օրակարգի հետ», - ասաց ՀՀ վարչապետը։