11/04/2019 13:37
Կառավարությունից չեն մանրամասնում, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ի՞նչ առաջարկներ է արել Երևանը Բաքվին
ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելուց։
Այս տարվա մարտին «Euractiv»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ասել էր. «Անշուշտ, մենք ցանկանում ենք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և մեր առաջարկությունները միջնորդների միջոցով ներկայացրել էինք ադրբեջանական կողմին»։
Aysor.am-ը կառավարությունից խնդրել էր պարզաբանել՝ ի՞նչ առաջարկություններ են ներկայացվել Ադրբեջանին ու դրանց վերաբերյալ ի՞նչ արձագանք է ստացվել։
«Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խորհրդապահական է, հետևաբար ձեռնպահ ենք մնում մանրամասներ ներկայացելուց», - հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առաջիկա պաշտոնական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Մոսկվայում, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև։