11/04/2019 18:06
Իտալիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից առաջ պետք է հաշվարկած լիներ Թուրքիայի հակազդեցությունը. թուրքագետ
Իտալիան լուրջ պետություն է, և այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, բնական է, պետք է անհանգստացներ Թուրքիային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ բանաձևի ընդունումը որևէ ուժ չունի։
«Իտալական պառլամենտը նման քայլից առաջ, ըստ երևույթին, պետք է հաշվարկած լիներ պաշտոնական Անկարայի հակազդեցության ու բողոքի հնարավորությունները։ Հիշենք, որ Իտալիան կաթոլիկ երկիր է, և Հռոմի պապը մեծ ազդեցություն ունի կաթոլիկ բոլոր երկների, առավել ևս՝ Իտալիայի վրա։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հռոմի պապի հայտարարությունը կարող է դրականորեն ազդել, որպեսզի ԵՄ շատ երկրներ ճանաչեն պատմական ճշմարտությունը», - ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են՝ Թուրքիան չպետք է ԵՄ անդամ երկիր դառնա։
Հակոբ Չաքրյանը համոզմունք հայտնեց, որ եթե Իտալիայի նման ազդեցիկ երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նշանակում է՝ մեծ է հավանականությունը, որ Եվրամիության մյուս անդամ երկրները ևս կընդունեն այն։
«Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը որևէ նշանակություն չունի, բարձրաձայնվում է դեռ 2000 թվականից, այսինքն՝ Թուրքիան ասելու ուրիշ բան էլ չունի։ Այդ երկրի իշխանությունը և ժողովուրդը շատ լավ գիտեն, որ Հայոց ցեղասպանություն եղել է, և այն իրականացվել է ամենադաժան ձևով», - ամփոփեց թուրքագետը։
Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը երեկ 382 կողմ և 43 ձեռնպահ ձայնով հավանության է արժանացրել Իտալիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող նախաձեռնությունը:
Պատգամավորների պալատի այս նախաձեռնությունը հարուցել էր Թուրքիայի զայրույթը։ Այդ երկրում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: