11/04/2019 15:29
Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև. Նիկոլ Փաշինյանը՝ «ու՞մ է պատկանում Ղրիմը» հարցին ի պատասխան
Ինձ համար շատ տարօրինակ է՝ ինչպե՞ս են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, դրանք ավելի դաժան, ավելի սուր դարձնելու համար, այսօր ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, ինչու՞ է Հայաստանը դեմ քվեարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևին ու հարցին, թե ու՞մ է պատկանում Ղրիմը։
«Ես, այսպես ասած, նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, նախկինում պատգամավոր եմ եղել և ինձ համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան ու ավելի սուր դարձնելու, հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար։ Ես կարծում եմ, որ պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ՝ բոլոր դեպքերում», - ասաց Ն.Փաշինյանը:
«Աշխարհում չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով և նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, փորձում ենք, որովհետև ես վստահ չեմ, որ միշտ է հաջողվում։ Շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների ու գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են։ Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև, երբեմն ստիպված ես լինում այնպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը՝ գլոբալ ընտրությունը, խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունը և զագացումը», - ասաց ՀՀ վարչապետը։