11/04/2019 14:35
Հայաստանը Ադրբեջանի և հարևան երկրների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում. ՀՀ վարչապետ
Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն, այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի ու հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին։
Ի տարբերություն այդ երկրների, ըստ Հայաստանի վարչապետի, դիվանագիտական հարաբերություններ մեր երկիրը չունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
«Բոլորդ գիտեք, թե Ադրբեջանի հետ ինչու Հայաստանը հարաբերություններ չունի։ Թուքիայի պարագայում կա նախապայման այդ երկրի համար, և Հայաստանի հետ հարաբերությունը այդ երկիրը կապում է Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Հաայստանն իր հերթին չի փոխում իր դիրքորոշումը՝ մենք ասել ենք, որ Թուրքիայի հետ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների», - հավելեց Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում։
«Ադրբեջանի ու հարևան երկրների հետ հարաբերությունները պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում ու ուրախ ենք, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունը կարողացել է հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը», - նշեց ՀՀ վարչապետը։