11/04/2019 17:26
Վարչապետի ազգականը մեղադրվում է «Դիլիջան» ազգային պարկ կեղծ դիպլոմ ներկայացնելու մեջ. հայտնի է՝ ով է նա
Ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, Aysor.am-ին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը։
Նրա ներկայացմամբ՝ նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:
Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Նկատենք, որ այս քրեական գործը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին, որը մեր տեղեկություններով, նրա մորեղբոր որդին է՝ Մ. Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ այս քրեական գործի մասին հենց վարչապետն էր հայտարարել ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ ցուցում է տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ։