11/04/2019 17:36
Պնդումը, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականությանը չի համապատասխանում. ՀՔԾ
Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունների վերաբերյալ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել։
«Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով` 28.07.2018թ.-ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ:
2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ: Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, քննչական խմբի ղեկավարի կայացրած որոշմամբ երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում, հաշվի առնելով, որ ապրիլի 5-ին հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, պաշտպան Հովհաննես Խուդոյանի բանավոր խնդրանքով որոշումն առձեռն հանձնվել է նրան:
Հետևաբար, 09.04.2019թ.-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կողմից արված պնդումը, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականությանը չի համապատասխանում», - ասված է ՀՔԾ պարզաբանման մեջ։