11/04/2019 15:55
Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է վերադառնալ Հայաստան, հայտարարել է որդին
ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է Եվրոպայում, այսօր դատարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, որը քրեական գործով մեղադրյալ է։
Նա ասաց, որ հայրը մեկնել է հանգստանալու նպատակով, իսկ ինքն ամեն օր հեռախոսով շփվում է հոր հետ։
Հարցին` արդյոք Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է վերադառնալ Հայաստան, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը 2018-ի հունիս-հուլիս ամիսներին երկու անգամ իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ու ազատ արձակվել՝ առաջին անգամ ապօրինի զենք պահելու կասկածանքով, որի առնչությամբ ավելի ուշ հայտարարվեց, որ եղած զենքն օրինական է։ Երկրորդ անգամ ԱԱԾ-ն էր նրան բերման ենթարկել և հետո պարզվեց, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Մարտիրոս Սարյանի 14 գծանկարներին խարդախությամբ տիրանալու համար։
Քննությունն իրականացնող մարմինը՝ ԱԱԾ-ն, թույլ էր տվել բուժման նպատակով հեռանալ երկրից։