11/04/2019 15:15
«Տուրեցկու երգչախումբ»-ը Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով
Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբ»-ը («Хор Турецкого») Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով: Ամբողջ աշխարհում ճանաչում վայելող երաժշտախումբը մայիսի 27-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր: «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երկացանկի լավագույն ստեղծագործությունները:
Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել:
«Տուրեցկու երգչախումբ»-ը երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասը լեզուներով:
Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների:
«Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին՝ գտնել «իր» երաժշտությունը:
Երգչախումբը մեր երկրում վերջին անգամ եղել է 5 տարի առաջ՝ 2012 թվականին: