11/04/2019 15:40
Երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ կտրամադրվեն
Ս. թ. ապրիլի 12-ին, ժամը 12:00-ին, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տ. Հայրապետյանի անվան դահլիճում տեղի կունենա երաժշտական և արվեստի դպրոցների սաներին երաժշտական գործիքներ տրամադրելու հանդիսավոր արարողություն:
2018 թ. ծրագրով ձեռք բերված 17 անուն 93 երաժշտական գործիքները կտրամադրվեն 55 ուսումնական հաստատություններին՝ երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 81 շնորհալի աշակերտների և 10 ուսումնական հաստատությունների՝ 12 նոր ձևավորված մասնագիտական դասարանների սաներին (քամանչա, ուդ, մեծ բամբիռ, ջութակ, շվի, հոբոյ, քամանի, ֆլեյտա, զուռնա, շեփոր, քանոն):
Նշենք, որ 2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ, և յուրաքանչյուր տարի, շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:
2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Իրավիճակի բարելավման նպատակով՝ նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Վերջինի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:
Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: