11/04/2019 13:01
22 մարզիկի փոխարեն տարկետում կտրվի ֆուտբոլի թիմերում ընդգրկված 30 մարզիկի
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, ֆուտբոլ մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի ազգային հավաքական թիմերը համալրել բարձրակարգ ուժեղագույն մարզիկներով՝ Եվրոպայի և աշխարհի փուլային ընտրական առաջնություններին լավագույն ձևով հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:
Ֆուտբոլի երիտասարդների և մեծահասակների հավաքական թիմերից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված է 11 մարզիկ՝ իրենց փոխարինողներով, յուրաքանչյուր տարիքային խմբում՝ ընդամենը 22 մարզիկ։
Այսպիսով՝ նպատակահարմար է ֆուտբոլի նշված տարիքային հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներից տարեկան (ամառային և ձմեռային զորակոչեր) տարկետում տալ 22 մարզիկի փոխարեն, ընդհանուր առմամբ, 30 մարզիկի։