12/04/2019 13:28
Քոչարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում դատավորը, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի, պետք է հերոս լինի. Փաստաբան
Դատարանում երեկվա տեղի ունեցածն իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում է իրենից ներկայացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
«Շատ կոպիտ ձևով վերաքննիչ դատարանը խախտեց քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա մենք հիմնվում էինք», - ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ իրենց բերած յուրաքանչյուր փաստարկն առանձին վերցրած բավարար էր, որ երեկ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր։
«Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում», - ասաց Հայկ Ալումյանը։
Պաշտպանի խոսքով՝ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին։
«Կգա դրա ժամանակը և կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, և զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու», - ասաց Հայկ Ալումյանը։