12/04/2019 13:51
Շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Մենք շատ անսպասելի ու շատ ազդեցիկ քայլերի ենք պատրաստ, ուղղակի չենք ուզում խնդիրը հասնի դրան, այսօր լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
«Եվրոպական դատարանում արդեն 5 գանգատ կա, 6-րդի վրա աշխատում ենք։ Զուգահեռաբար այսօր արդեն սկսել ենք աշխատել վճռաբեկ բողոքի վրա», - ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով երեկ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը:
«Սա իրավական անհեթեթության, մարդու իրավունքների ոտնահարման կուլմինացիա է և սա այսպես երկար շարունակվել չի կարող։ Այդ բոլոր պատվերները չեն կարղ անվերջ գործել և յուրաքանչյուր դատավոր իրեն զգա երկու քարի արանքում՝ կամ օրենք խախտի և պատմության մեջ մնա որպես ՀՀ երկրորդ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկող դատավոր, կամ պետք է օրենքը կիրառի, բայց հայտնվի այնպիսի հարվածների տակ, որը տեսանք պարոն Ազարյանի դեպքում։ Սա վերջ է ունենալու։ Ինչքան շուտ իշխանությունները հասկանան, որ այսպես չի կարելի, այնքան ավելի քիչ կլինեն այն բացասական հետևանքները, որոնք կուտակվում են», - ասաց Հայկ Ալումյանը։