12/04/2019 12:47
Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը պաշտպանող օրինագիծը ԱԺ-ում առաջին փուլը բարեհաջող անցավ
Պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը, այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ։
Նախագծերը ԱԺ տնտեական հարցերի հանձնաժողովում ներկայացնելիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրականացվող փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը։
Խաչատրյանն ասաց, որ 2018-ին ցեմենտի շուկայում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան և ներմուծվող ցեմենտը, որը նախորդ տարիներին ոչ մեծ տեսակարար կշիռ ուներ շուկայում, սկսեց Հայաստանի սպառման շուկայում ունենալ զգալի կշիռ։ Ըստ նախարարի վկայակոչած տվյալների, ներմուծվող ցեմենտի ծավալն աճել է 3.5 անգամ, որը 2018-ին կազմել է 180 հազար տոննա։ Այսպես, 2018-ին Հայաստանում սպառված 730 հազար տոննա ցեմենտի մեջ 180 հազար տոննան ներմուծված է եղել, մոտ 550-ը՝ տեղական արտադրության։
Նախարարի փոխանցմամբ, իրանական ցեմենտը ցածր գնի պատճառով ճնշող ազդեցություն է թողնում շուկայի վրա, քանի որ պատրաստի ցեմենտը սահմանին վաճառվում է 17-18 ԱՄՆ դոլար։
Այսպես, կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։
«Տուրքի չափը պետք է լինի 22 հազար դրամ, որպեսզի նրանք հավասար գներով հայտնվեն շուկայում։ Այսինքն՝ մեր կողմից առաջարկվող սկզբունքը այն է, որ սահմանվող պետական տուրքի չափը լինի ոչ թե այնպիսին, որ բացառի իրանական ցեմենտի վաճառքը շուկայում, այլ այն շարունակի գոյություն ունենալ ու իր գոյությամբ թելադրի մրցակցային պայմաններ, որպեսզի տեղական արտադրողը նույնպես հակված լինի շարունակել ինքնարժեքի իջեցումը և իր դիրքերը շուկայում պահպանելու համար՝ մտածի տեխնոլոգիաների վերազինման մասին», - նշեց նախարարը։
Կառավարության ներկայացուցիչը նաև ասաց, որ տեղական արտադրողը վստահեցրել է, որ առաջիկայում ինքնարժեքի իջեցման հնարավորություն կա՝ այս տարվա ընթացքում 6-7 հազար դրամով։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ նույն սկզբունքով կարելի է բոլոր ներմուծվող ապրանքների վրա պետական տուրք սահմանել, ինչը ընդունելի չէ։
«Իհարկե, հասկանալի է, որ տեղական արտադրանքը պետք է պաշտպանել, բայց նաև պետք է հասկանալ, թե հետո ինչ է լինելու, որքանով ենք նպաստելու այդ ճյուղի զարգացմանը։ Ես առաջարկել եմ պետական տուրքը սահմանել որոշակի ժամկետով՝ 1 տարի։ Մեկ տարուց հետո մենք կհավաքվենք ու կքննարկենք, թե շուկայում ինչ զարգացումներ են կատարվել», - ասաց Թունյանը։
Հատկանշական է, որ կառավարության ներկայացրած այս օրինագծի ընդդիմացողները մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին։ Մասնավորապես, «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը ասաց, որ ինքը դեմ է նշված՝ 22 հազար դրամ պետական տուրքին։
«Ես գիտեմ, որ նախկինում մաքսայինում խոչընդոտում էին պարսկական ցեմենտի մուտքը տեղական շուկա, որ խոչընդոտներ չլինեն տեղական արտադրողի համար։ Մեզ համար ավելի կարոևր է, որ Հայաստանում ցեմենտի գինը լինի մի քանի անգամ ավելի էժան, ինչը կբերի շինարարության էժանացմանը։ Պետք է հաշվառենք՝ մեզ ավելի շատ ձեռ է տալիս 400 աշխատատեղ պահե՞լ, թե մեր շինարարությունը էժանանա ու բյուջեում մուտքեր ապահովենք։ 22 հազար դրամ պետական տուրքը պետք է վերանայել, իջեցնել, ինչը կնպաստի ցեմենտ ներկրելը Իրանից, ինչը կբերի գների էժանացմանը», -ասաց Հայկ Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ տեղական արտադրողները ցեմենտի գները արհեստական բարձր են ցույց տալիս ցեմենտի գները, ինչի արդյունքում էլ «մեզ խնդրում են, որ իրանական ցեմենտը չմտնի Հայաստան»։ «Գործարանները թող զգոնանան, որովհետև տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում միլիոններ են աշխատել։ Սա պետք է այլևս թույլ չտալ», -ասաց Սարգսյանը։
Քննարկման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորները ողջունեցին օրենսդրական նախաձեռնությունը և դեմ չէին ժամկետներ սահմանելուն։ Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Հրանտ Մադաթյանը նկատեց, որ չպետք է փակել տեղական արտադրողներին ու օգնել աշխատեն։
«Մեկ, երկու տարի հետո Սիրիայում, Իրաքում շինարարությունը մեծ թափ է ստանալու և այդ ժամանակ մենք ուրիշ պատկեր կստանանք, մեր ցեմենտը կարտահանվի», - ասաց Հրանտ Մադաթյանը։
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր, ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանին վրդովեցրեց Հայկ Սարգսյանի ելույթը, և նա հետաքրքրվեց.
«Իմ գործընկերոջ ասած բառի վրա եմ զարմանում՝ 400 հոգի փակենք... Պարոն Սարգսյան, էդի մոտեցում չի։ Էսօր ամեն մի աշխատուժի համար պետք ա կռիվ տանք։ Հաշվենք մեր ընտանիքն ա, ժողովուրդը մերը չի՞ էդ ինչի՞ եք ասում՝ մի աշխատի։ Ինձ հետաքրքիր ա՝ դուք աշխատատեղ ստեղծե՞լ եք, որ հեշտությամբ ասում եք»։ Նա նշեց, որ տեղական արտադրողի պաշտպանությունը իր համար մեծ նշանակություն ունի ու հորդորեց աշխատատեղերի մասով նման մոտեցում չցուցաբերել. «Միանգամից միտքը դնում եք փակել, ջարդելու վրա։ Մտածեք՝ ոնց ուժեղացնենք»։
Օրինագծերում ժամկետների մասով Բաբկեն Թունյանի փոփոխությունների առաջարկությունն ընդունվեց, այսինքն՝ ցեմենտի ներմուծման համար սահմանվող պետական տուրքը կլինի ժամանակավոր։