12/04/2019 10:06
«Փաստ». Առանձին գերատեսչությունների ղեկավարներ սիրում են գործուղման գնալ ներկայացուցչական կազմով
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, պետական մի շարք կառույցներում առանձնահատուկ «վերաբերմունք» ունեն գործուղումների և այդ գործուղումների համար հատկացվող դրամական միջոցների հանդեպ:
«Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել: Գործուղումներն, անշուշտ, բնական են, առանց դրա չի լինում: Ընդ որում, ձևակերպումները, որպես կանոն, արվում են բացառապես օրենքի սահմաններում, անթերի օրինական:
Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ առանձին գերատեսչությունների ղեկավարներ հատկապես հանրապետության տարածքում սիրում են գործուղման գնալ ներկայացուցչական կազմով, ինչի արդյունքում մեկ օրվա գործուղումը երբեմն կազմում է, օրինակ, որևէ վարչության պետի մեկ ամսվա աշխատավարձ՝ մոտ 300 հազար դրամ: Ի դեպ, մեր տեղեկություններով, շատերը սիրով են գործուղումների մեկնում շաբաթ և կիրակի օրերին, քանի որ այդ օրերի համար վճարվում են կրկնակի», - գրում է թերթը: